Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր համայնքի ղեկավարի հետ:  
 Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիներ ստեղծելու հնարավորությունները, Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի, սպասվելիք ծրագրերի մասին։  
 Դեսպան պարոն Ջոն Գալագերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հնարավոր ծրագրերի իրագործմանը։
 Հանդիպման ավարտին դեսպանն այցելել է Պատմազգագրական թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին։ Վերջինիս հատուկ ուշադրությանն արժանացել է Վիկտորյա թագուհու՝ Խրիմյան Հայրիկին ընծայաբերած տպագրական հաստոցը։
----------
 Տպագրական հաստոցը նվիրատվություն է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի կողմից՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ): 1893 թվականին թագուհին որոշում է նորընտիր կաթողիկոսին նվիրել տպագրական հաստոց։ Եւ այսպես, 1894 թվականին Մեծ Բրիտանիայի Աստվածաշնչային հասարակության կողմից հաստոցը տեղափոխվում է Հայաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարան, այնուհետեւ՝ Վաղարշապատի քաղաքային տպարան։
 1982 թվականին հաստոցը տեղափոխվում է Վաղարշապատի պատմազգագրական թանգարան , որտեղ եւ խնամքով ցուցադրվում է մինչ օրս։
 Հաստոցին կից ցուցադրված է նաեւ 1981 թվականին տպված քաղաքային թերթի վերջին համարը, որը տպվել է այս հաստոցով։