Վաղարշապատի համայնքապետարանը հերթական անգամ մասնակից եղավ Ճապոնական ֆիլմերի փառատոնին

Մշակույթ
24.02.2023

Համայնաքապետարանում ցուցադրվեց ռեժիսոր Յոշիտակա Յամագուչիի «Սամուրայ կատուն» ֆիլմը:
Ֆիլմի դիտմանը ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։
Բացման խոսքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ստացված համագործակցությունների, հայ-ճապոնական բարեկամության կամուրջը մշտապես ամուր պահելու, ինչպես նաեւ մշակութային նման կարեւոր միջոցառմամբ Էջմիածին հյուրընկալվելու համար։
«Մենք դեռ շատ առիթներ կունենանք համագործակցելու, հատկապես հիմա, երբ դուք մեր քաղաքի բարեկամի պատվավոր կոչման կրողն եք: Էջմիածնում Ձեր արմատներն ամուր են դրված, եւ տարբեր միջոցառումները, որ իրագործում ենք համատեղ, ասվածի լավագույն ապացույցն են»,- դեսպանին ուղղված խոսքում նշեց համայնքի ղեկավարը:
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շեշտեց, որ լինելով Էջմիածնի բարեկամը, ուրախ է եւս մեկ ոլորտում քաղաքի հետ ունենալ հաջողված փոխգործակցություն:
«Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համար մեծ նշանակություն ունի փոխըմբռնման գործոնը: Վստահ եմ, որ ֆիլմերը հանդիսանում են փոխըմբռնման արդյունավետ գործիք: Ես ինքս աշխատում եմ դիտել հայկական ֆիլմեր՝ հայերի հոգին առավել լավ զգալու եւ հասկանալու համար»,- ընդգծեց դեսպանը։
----------
Ֆիլմերի 16-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Էջմիածնում փառատոնն անցկացվում է 2013 թվականից:

Լուսանկարներ

Նորություններ