Հանդիպում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը

Արտաքին կապեր
21.02.2023

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Նրանց ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույուն:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին երկրների բազմամյա բարեկամության, համագործակցության կարեւորության, հնարավոր համատեղ ծրագրերի իրագործման մասին։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Էջմիածնի եւ ֆրանսիական քույր քաղաքներ Շաղվիո Շավանիոյի եւ Իսի լե Մուլինոյի միջեւ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ընդլայնվել, ինչպես եղել է տարիներ շարունակ:
«Մեզ համար ողջունելի է, որ Ֆրանսիայի հետ մեր գործընկերային հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քույր քաղաքների հետ համագործակցությամբ, այլ նաեւ ջերմ կապեր ենք ստեղծում այլ քաղաքների հետ եւս, փնտրում ենք գործընկերության նոր շրջանակներ»,- նշել է համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի ղեկավարը լինելով, մշտապես ձեռնարկում է քայլեր համագործակցության տարբեր ուղղություններն ու ոլորտներն առավել ակտիվացնելու համար եւ նույն ակնկալիքն ունի նաեւ բարեկամ երկրից։
Դեսպան Անն Լույուն առանձնահատուկ ընդգծեց կրթական ոլորտը, որը կարող է համագործակցության նոր կամուրջ ստեղծել երկնրերի միջեւ:
«Կրթական ծրագրերը կարող են թիրախային կազմվել, օրինակ՝ վերապատրաստումներ ՏԻՄ աշխատակիցների համար, փոխայցեր՝ գործընկեր շրջանների միջեւ: Միջին մասնագիտական կրթության բնագավառում ֆրանսիական համայնքները եւս շատ մեծ փորձ ունեն եւ կարող են ցուցաբերել մեծ աջակցություն գործընկեր համայնքներին»,- նշել է դեսպանը:
Պատվիրակության անդամները հետաքրքվեցին տեղական ինքնակառավարման մոդելի, կառավարման ապակենտրոնացման ընձեռած հնարավորությունների մասին:
Անդրադարձ եղավ Լաչնի միջանցքի փակման եւ 2020 թվականի պատերազմի հետեւանքով առաջացած իրավիճակին, Էջմիածնում այդ շրջանում եւ մինչ այսօր ապաստանող արցախցիների հիմնահարցին:
Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանանել նաեւ նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը, խորհրդարանի երկու անդամ, պաշտոնատար այլ անձինք, ովքեր այս օրերին ճանաչողական հանդիպումներ են ունենում Հայաստանի տարբեր համայնքներում:

Նորություններ