Գրքի տոնն Էջմիածնում

Տոներ և հիշատակի օրեր
20.02.2023

Գիրք նվիրելու օրվա եւ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում բացվեց էլեկտրոնային գրադարան, համայնքի ղեկավարը եւ հյուրերը ընթերցեցին փոքրիկների համար, գրադարանը համալրվեց նոր գրականությամբ:

Փետրվարի 20-ին, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի հարակից հատվածում բացվեց էլեկտրոնային գրադարան, որը հնարավարություն է ստեղծում սքանավորել նշված QR կոդերը, ներբեռնել եւ ընթերցել գրադարանում տեղ գտած գրքերը:
Էլեկտրոնային գրադարանի բացումը զուգորդվեց միջոցառմամբ, որի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ՝ գրադարանի ստեղծման պատմության, ներկայի եւ նոր մասնաշենքի կառուցման մասին, ելույթ ունեցան թիվ 2 երաժշտական դպրոցի սաները:
Միջոցառման հյուրերն էին Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը, «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:
Միջոցառման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ տեղակալ Արսեն Պետրոսյանը փոքրիկների համար ընթերցեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները, դեսպան Ջոն Գալագերը դպրոցականների համար ընթերցեց Հարրի Փոթերի արկածների մասին պատմող գրքերից մի հատված:
Համայնքի ղեկավարը փոքրիկներին նվիրեց հեքիաթների գրքեր:
Բոլոր հյուրերի կողմից գրադարանը համալրվեց արժեքավոր գրականությամբ.
Այս տարի, համագործակցության նոր ուղիներ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանատների հետ եւ նպատակ ունենալով գրադարանը համալրել բազմալեզու գրականությամբ, գրքի տոնին ընդառաջ դիմել էինք շուրջ երկու տասնյակ դեսպանատան՝ գրադարանի ֆոնդի համալրման խնդրագրով, ինչին ի պատասխան տասնյակ դեսպանատներ արդեն իսկ նվիրաբերել են բազմաթիվ գրքեր, նվիրատվությունները դեռ շարունակվում են:
Համագործակցության համար շնորհակալ ենք բոլոր դեսպանատներին:
Գրադարանի կարեւոր փոփոխություններից մեկը թեքահարթակի տեղադրումն է, որը հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց առավել հեշտ օգտվել գրադարանի ծառայություններից:
Այժմ կատարվում է նոր գրքերի հաշվառում եւ օրեր անց պատրաստ կլինեն սպասարկման:

Լուսանկարներ

Նորություններ