Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին նվիրված միջոցառումները Վաղարշապատում

Holidays and Memorial Days
28.01.2023

Բանակի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին Ոսկեհատ բնակավայրում եւ համայնքապետարանի հարակից պուրակում գտնվող Արցախյան պատերազմների ընթացքում կյանքը զոհած հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներում՝ ծաղկեպսակի խոնարհմամբ եւ ծաղկեդրմամբ, որին ներկա էին նաեւ N զորամասի զինծառայողները։
Ծաղկեդրման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, շնորհավորելով հայոց բանակի եւ հայ զինվորի տոնը, բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին՝ ցանկանալով տոկունություն եւ հզորություն։
«Մեր բանակը մեր երկրի հենասյունն է։ Բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն դեպի բանակը, բոլորս պետք է լծվենք նրա ամրացման եւ հզորացման գործին, որպեսզի մեր այդքան երազած խաղաղությունը լինի ամուր, հաստատուն եւ մշտական»,–ասաց համայնքի ղեկավարը։
Այնուհետ, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը մեկնարկեց տերունական աղոթքով եւ մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների։ Միջոցառման սկզբում Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը նշեց, որ եկեղեցին միշտ աղոթել եւ աղոթում է իր զինվորի համար՝ վստահ լինելով,որ առանց հզոր զինվորի եւ բանակի չի լինում հզոր հայրենիք։
Հոգեւոր հայրը, մեջբերելով Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը՝ Տեր Աստված մեր, պահիր զմեզ՝ որպես բիբ ական (Տեր Աստված, պահիր մեզ ինչպես աչքի բիբը), նշեց, որ ամեն մի զինվոր ամեն հայի համար աչքի բիբի պես թանկ է ու կարեւոր։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ կինոդիտում, այնուհետեւ ելույթ ունեցան համայնքի մշակութային խմբերը։
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ, հա՛յ զինվոր:

Photos

News