Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը

Holidays and Memorial Days
05.01.2023

Հունվարի 5-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ:
Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Տիրոջ գալուստն ավետող մարգարեական թղթերը:
Պատարագիչ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն օրվա խորհրդի քարոզում նշեց, որ մեր սրտերն ու մեր հոգիները պետք է լցվեն Քրիստոսի ծննդյան լույսով. «Մեր տաճարներից, երբ դուրս գանք վառված մոմերով, թող դրանք միայն մոմեր չլինեն. դրանք թող դառնան մեր վերածնման մեր նոր աղոթքների համար վառվող լույսեր՝ հանուն մեր ազգի եւ սուրբ հայրենիքի»:
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան եւ վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս

Photos

News