Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
01.01.2023

Սիրելի՜ համաքաղաքացիներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Ամանորը տարվա ընթացքում կատարած աշխատանքները, իրագործած նպատակները, թերություններն ու բացթողումները վերանայելու լավագույն շրջանն է։
Այսօր ամփոփում ենք վայրիվերումներով, ձեռքբերումներով ու դժվարություններով հագեցած 2022 թվականը եւ հավատով սկսում հաջորդ տարին՝ հուսալով, որ արտաքին խոչընդոտներն ու մարտահրավերները չեն խանգարի իրագործել ծրագրերը, որ ունենք մեր մտապատկերում։
Անշուշտ, բոլորիս հայացքներն ու ուշադրությունն այս օրերին ուղղված են արցախահայությանը, իրենց ընտանիքից հեռու Ամանորը դիմավորող արցախցի փոքրիկներին։
Շրջափակման մեջ գտնվող Արցախում այսօր էլ կազմվում են նոր ընտանիքներ, ծնվում են մանուկներ։ Երեխաների ճիչ է հնչում մեր զոհված հերոս հայորդիների ընտանիքներում։ Սա, թերեւս, լավագույն ազդակն է բոլորիս համար, որ անկախ դժվարություններից՝ կյանքը շարունակվում է։
Ստեղծված իրավիճակը առիթ է վերանայելու մեր վերաբերմունքը մեր երկրին, մեր աշխատանքին ու մեր սեփական արժեքներին, գալիք տարում մեր ուժերը ծառայեցնելու հայրենիքի զորացմանը, մեր ներուժն օգտագործելու խաղաղություն պարտադրելու եւ հաստատելու համար։
Հավերժ փառք եւ խոնարհում հանուն այդ խաղաղության, հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն մեր գալիք սերնդի ապագայի իրենց կյանքը նվիրաբերած անմահացած ու մեր կողքին ապրող հերոս զավակներին։
Թերեւս, բոլորս այսօր ունենք մեկ միասնական ցանկություն մաղթանք ու իղձ․
Թող խաղաղություն լինի մեր մայր երկրում, մեր ընտանիքներում ու մեր սրտերում։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Նորություններ