Հանդիսավորությամբ նշվեց Մկրտիչ Չիրքինյանի մարզչական գործունեության 60-ամյակը

Սպորտ
21.11.2022

Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Մկրտիչ Չիրքինյանի 84-ամյակը եւ մարզչական գործունեության 60-ամյակը։
Հոկտեմբերի 20-21-ը Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց նրա անվան մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանից եւ արտերկրից շուրջ 200 մարզիկներ` տարբեր տարիքային խմբերում:
Այսօր Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ մեծարման միջոցառում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մարզաշխարհի ականավոր ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մկրտիչ Չիրքինյանն արժանացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:
Պատվոգիրը հանձնեց նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ մաղթելով երկարակեցություն եւ բեղուն աշխատանքային գործունեություն։
«Էջմիածինը հարուստ է նվիրյալ եւ արժանավոր մարդկանցով, որոնցից է նաեւ Պարոն Չիրքինյանը»,- նշեց համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ վաստակավոր մարզչի աշխատասիրությունը գրավականն է եռանդուն եւ ակտիվ գործունեության, ինչի ապացույցն է նաեւ, որ արդեն վերջինիս սաներն են կերտում Հայաստանի եւ Աշխարհի չեմպիոններ:
Համայնքի ղեկավարի կողմից Մկրտիչ Չիրքինյանը պարգեւատրվեց շնորհակալագրով ու անվանական մեդալով՝ երկարամյա ակնառու գործունեության, սպորտի զարգացման եւ մասսայականացման գործում ունեցած անուրանալի ավանդի համար:
Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ 2022 թվականի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանը, Աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Լյուդվիգյանը եւ նրանց մարզիչներ Ժորա Վարդանյանը, Գոռ Աբգարյանը եւ Սիմոն Կարապետյանը:
-------------------
Մկրտիչ Չիրքինյանը Էջմիածնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հիմնադիրն է, Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոնների մարզիչ։
1997 թվականի հոկտեմբերի 23-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:
Նրա անունն է կրում Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճը:
Այսօր էլ Մկրտիչ Չիրքինյանը շարունակում է աշխատանքային ակտիվ գործունեությունը։

Լուսանկարներ

Նորություններ