Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր, անկասկած, տարվա եւ Հայաստանի պատմության կարեւորագույն օրն է՝ մեր հայրենիքի անկախության օրը։ Չկա մի օր, որ իր նշանակությամբ ու խորհրդով համեմատության եզր ունենա այս օրվա հետ։
Ցավոք, Անկախության տոնին բոլորիս տրամադրությունը տոնական չէ, կրկին մեր երկիրն ու մենք կագնած ենք նոր փորձության առաջ՝ կրկին բաց վերքերով ու անգին կորուստներով։ Մեր եղբայրների ու քույրերի կորստյան ցավը, հայրենիքի սահմանների խարխլման արհավիրքը տագնապալի է, բայց պետք է լինել վճռական՝ ոտքի կանգնելու, մեր երկրի բարգավաճման եւ մեր մանուկների համար ապահով կյանք ստեղծելու կամքով։
Այս դժվարին պահին բոլորիս համար կա մի բացարձակ ճշմարտություն` հայրենիքը վեր է բոլոր արժեքներից ու այն ամենաթանկն է, որ ունենք մենք, որ կապում է մեզ ու մեզնից յուրաքանչյուրն է պատրաստ բառի ուղիղ ու փոխաբերաբերական իմաստներով զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին` անկախ սեռից ու տարիքից։
Այսօր կհնչեն շատ բարձագոչ ճառեր` համեմված վերամբարձ բառերով ու անկեղծ գորովանքով, բայց հայրենիքն ամենեւին այդ ճառերի կարիք չունի, մեր երկիրն ունի պարզ եւ մաքուր սիրո, մեր նվիրումի ու ջերմության կարիքը։
Սիրելի՜ քաղաքացիներ, այն լույսը, որի շուրջ պետք է համախմբվենք ու միակամ լինենք բոլորս՝ հայրենիքն է, մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը՝ Հայաստանի Անկախ Հանրապետությունը։
Սերունդների պայքարի գնով ձեռք բերված անկախությունը միասնականությամբ պիտի պահպանենք ու ամրապնդենք՝ հաղթահարելով մեր առաջ ծառացած մարտահրավերները, քանզի Հայաստանի անկախ Հանրապետությունը մեր գոյության ու հարատեւման գլխավոր գրավականն է։
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան