Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Holidays and Memorial Days
01.09.2022

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ եւ դասախոսներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:
Այսօր նոր սկիզբ է թե՛ ուսումնառողների, թե՛ դասավանդողների համար: Օրն առանձահատուկ է հատկապես առաջին դասարան հաճախող փոքրիկների համար, որոնց առաջ բացվում են նոր աշխարհի դռներ՝ լի գիտելիքով, բացահայտումներով, հրաշքներով ու հնարավորություններով: Այս ճանապարհին կարեւոր է նրանց ավագ ընկերների՝ ծնողների եւ ուսուցիչների աջակցությունն ու հոգատարությունը, ինչը, վստահ եմ, որ նրանք ստանալու են:
Առանձահատուկ շնորհավորում եմ նաեւ առաջին կուրս հաճախող ուսանողներին, ովքեր սկսում դեպի իրենց նպատակի մասնագիտություն տանող են ճանապարհը:
Այս տարի մեր երկիրը գիտության համաշխարհային կենտրոններից է. օրեր անց կմեկնարկի «STARMUS» միջազգային փառատոնը եւ մի քանի օր շարունակ այստեղ կհուրընկալվեն աշխարհահռչակ գիտնականներ, աստղագնացներ, ֆիզիկոսներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Նրանք մարդիկ են, ովքեր կրթության ու գիտելիքի ուժով փոխել են աշխարհը: Նրանց թվում է նաեւ մեր հայրենակցի՝ Գարիկ Իսրայելյանի անունը, ով այս համաշխարհային փառատոնի համահիմնադիրն է: Եվ շատ հայեր՝ Ռեյմոնդ Դամադյանը, Ալենուշ Տերյանը, Հովհաննես Ադամյանը, Արտեմ Փաթափությանը եւ այլք իրենց ներդրումն են բերել գիտության ու կրթության զարգացման գործին՝ այսպիսով նպաստելով միլիոնավոր մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը:
Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, ոչինչ չպետք է ձեզ հետ պահի այն մտքից, որ մի օր ձեր անունը եւս կարող է լինել այս շարքում, եւ դուք կարող եք դառնալ աշխարհն ավելի գեղեցիկ եւ արժեքավոր դարձնող որեւէ հայտնագործության հեղինակ:
Հարգելի՛ աշակերտներ, ուսանողներ, պարզապես անդադար կրթվող անհատներ, կրկին շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առթիվ։ Կրթությունն ու գիտությունն են այն բանալին, որը բացում է ապագայի դռները, նոր հնարավորություններ ստեղծում անհատի ու պետության զարգացման համար։

News