Վաղարշապատի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ` այսօր Էջմիածնում տեղի ունեցավ «Էջմիածնի երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոնի բացումը։
  Երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակն է բարձրացնել համայնքի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, նպաստել նրանց  ներգրավվածությանը համայնքի կյանքում։ 
Կենտրոնում 13-18 տարեկան պատանիների համար կկազմակերպվեն տարաբնույթ դասընթացներ եւ հանդիպումներ, համագործակցության ուղիներ կստեղծվեն Հայաստանի այլ համայնքներում գործող «Բաց երիտասարդական տների» եւ կազմակերպությունների հետ: 
 
Բացման ընթացքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, խոսելով համայնքում երիտասարդների ժամանացի եւ համայնքային կյանքի ներգրավման մասին, նշեց որ պատանիներն ու երիտասարդները մեր ապագայի հիմնասյուներ են, որոնց պետք է տալ հնարավորություններ՝ իրենց տեսլականն իրագործելու համար։ Համայնքի ղեկավարը շեշտեց նման կենտրոնի գործունեության կարեւորությունը համայնքում` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:
 
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները նշեցին երիտասարդների եւ պատանիների` հասարակության մեջ դերի, համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունենալու եւ նման կենտրոնի միջոցով իրենց հնարավորությունները արդյունավետ օգտագործելու հնարավորությունների մասին։  
  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ կենտրոնը կարադարցնի բոլոր սպասելիքները։
Կենտրոնի գործունեության ֆինանսավորումը ապագա հինգ տարիներին կկատարվի Վաղարշապատի համայնքապետարանի կողմից: 
Մեր համայնքին զուգահեռ, երիտասարդական կենտրոններ են ստեղծվում Արմավիրում եւ Գավառում, արդեն իսկ գործող կենտրոններ կան Գյումրիում եւ Սպիտակում։