Համայնքապետարանում հյուրընկալ էինք Եվրոպայի նորընծա չեմպիոն Սուրեն Աղաջանյանին:
Այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանի եւ նրա մարզիչների հետ:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհավորեց մեր մարզիկին, շնորհակալություն հայտնեց համայնքի պատիվը բարձր պահելու համար, հաջողության մաղթեց առաջիկայում կայանալիք Աշխարհի առաջնությունում։
Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց Սուրեն Աղաջանյանին, նրա մարզիչներ Ժորա Վարդանյանի եւ Գոռ Աբգարյանին` համայնքի սպորտային կյանքը մշտապես ակտիվ պահելու եւ ներդրած անուրանալի ավանդի համար։
Հանդիպման ընթացքում ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Մկրտիչ Չիրքինյանը շեշտեց, որ վերջին շրջանում մեր համայնքի սպորտային կյանքն աննախադեպ վերելք է ապրում: Երեւանում անցկացված ըմբշամարտի թիմային առաջնության ժամանակ մեր համայնքը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Իր խոսքի ավարտին Մկրտիչ Չիրքինյանը թիմային գավաթը հանձնեց համայնքի ղեկավարին:
Հանդիպմանը ներկա էին ավագանու անդամներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ:
Սպորտի ակտիվացումն ու մասսայականացումը մեր նախանշած առաջնային նպատակներից է. որին ուղղված քայլերը շարունակական են: