Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
05.07.2022

Հարգելի՛ քաղաքացիներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր պետական տոներից մեկն է։
Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության բնույթը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, բանաձեւում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Եվ այս արժեքների գիտակցումը, կրումն ու պահպանումը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն ու պատասխանատվությունն է։
Այսօր մենք նաեւ նշում ենք պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշան եւ օրհներգի օրը, որոնք եւս հաստատվում են սահմանադրությամբ` կրկնակի կարեւորելով այսօրվա նշանակությունը: Պետական խորհրդանիշներն անփոխարինելի եւ բացարձակ արժեքներ են պետության համար, եւ այս իրողության ընկալումը կարեւոր է հասարակության քաղաքացիական գիտակցության եւ արժեհամակարգի ձեւավորման համար:
Հարգելի՛ քաղաքացիներ, Սահմանադրությամբ ամրագրված անքակտելի արժեքները կարող են կյանքի կոչվել միայն, երբ բոլորս այդ արժեքների կրողը լինենք:
• Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
• Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:
• Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Շնորհավորում եմ բոլորիս՝ կարեւորագույն այս տոնի առթիվ:
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ