Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Holidays and Memorial Days
01.06.2022

Սիրելի՜ փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ,
Սիրով շնորհավորում եմ բոլորիս այս պայծառ ու ջերմ տոնի առթիվ։
Երեխաները մեր հասարակության հայելին ու ապագայի ճանապարհը հարթող քաղաքացիներն են, եւ մեր՝ մեծահասակներիս կարեւոր խնդիրներից ու առաջնահերթություններից է այդ ճանապարհին նրանց համար ամուր հենարան լինելը, նրանց վառ ու խաղաղ մանկությունն ապահովելը:
Թանկագի՜ն փոքրիկներ, մեր համայնքը բոլորիս մեծ տունն է, որի տերը դուք եք դառնալու վաղը, եւ ցանկանում եմ, որ տանտիրոջ իրավունքով սիրեք ձեր մեծ տունը, վայելեք այստեղ ձեր մանկության լավագույն պահերը:
Հարգելի՛ ծնողներ, շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում եւ ձեզ, քանզի ձեր ուսերին է դրված մեր մանուկներին կրթելու, խնամելու, նրանց անհրաժեշտ ջերմությունը, հոգատարությունն ու սերն ապահովելու խրթին առաքելությունը: Այս առաքելությունը, որքան դրական եւ լուսավոր, նույնքան եւ պատասխանատվությամբ լի է՝ երեխաների իրավունքներն ու շահերի լիակատար ապահովման առումով։
Բոլորիս նպատակն է, որ մեր մանուկները ապրեն խաղաղ երկնքի տակ, երազեն ապագայի մասին, որը կապված է սեփական հայրենիքի հետ, ինչպես այս օրերին հաճախ նշում են մանկապարտեզներն ավարտող մեր փոքրիկ սաները:
Կրկին շնորհավորում եմ այս ջերմ տոնի առթիվ՝ մեր մանուկներին մաղթելով անհոգ մանկություն:
Սիրով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

News