Մաքսիմ Գորկու անվան դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի եւ դասասենյակ բացում

Տոներ և հիշատակի օրեր
26.05.2022

մայիսի 25-ին, Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հուշարձանի, դասասենյակի բացում եւ միջոցառում` նվիրված դպրոցի շրջանավարտ եւ 44-օրյա պատերազմում անմահացած 7 հերոսների` Կարեն Ավագյանի, Սամվել Մանասերյանի, Ռազմիկ Մկրտչյանի, Գեւորգ Ինջիղուլյանի, Խաչատուր Հայրապետյանի, Հարություն Քեշիշյանի եւ Արամ Հայրիյանի հիշատակին։
Հուշարձանի բացումից եւ ծաղկեդրումից հետո կատարվեց դպրոցի ռազմագիտության դասարանի բացումը։ Դասասենյակի բացումը նշանավորվեց նրանով, որ այսուհետ պատերին փակցված հերոսների նկարների վրա գտնվող QR կոդերի գործածման միջոցով յուրաքանչյուրը կկարողանա ծանոթանալ նրանց կյանքին ու կատարած սխրագործություններին։
«Մեզ բացակա չդնեք»․ Սա էր միջոցառման հաղորդագրությունն ու ասելիքը։ Դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի խոսքով` նման միջոցառումները հնարավորություն են իր անմահացած աշակերտներին ավելի մոտ գտնվելու եւ նրանց ներկայությունը անդադար զգալու համար։
Հուշարձանի բացմանն ու միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, զինվորականներ, հոգեւորականներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, աշակերտներին, շեշտեց, որ մեր անմահացած հերոսները մեր կողքին են, քանի դեռ հիշում ենք նրանց սխրանքն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին։

Լուսանկարներ

Նորություններ