Էջմիածնի պատվավոր քաղաքացի Ներսես Մելիքյանին շնորհվել է Կանդինսկու անվան մեդալ

Մշակույթ
18.05.2022

Նկարիչ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի, համայնքի ավագանու անդամ Ներսես Մելիքյանին շնորհվեց Կանդինսկու անվան մեդալ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այսօր՝ մայիսի 18-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում երեք հայ գեղանկարիչների` Ներսես Մելիքյանին, Շմավոն Շմավոնյանին եւ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոս) հանձնվեցին ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու անվան մեդալներ՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի որոշմամբ։

Մեդալները նկարիչներին հանձնեց ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի 2020 եւ 2021 թթ. էկոնոմիկայի եւ խաղաղության գծով հավակնորդ Մարտիկ Գասպարյանը:

Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով` նման արժեքավոր մրցանակներ ստանալը խթանում է, որպեսզի արվեստագետները հետագայում ունենան նոր ձեռքբերումներ եւ հասնեն նոր հաջողությունների։

Ռուզան Սարյանը շեշտեց, որ տարիներ առաջ նման պարգեւ ունեցել է եւ Հայաստանը՝ Մ. Սարյանի անվան մեդալը, որին արժանացել են համաշխարհային հռչակ ունեցող մեծանուն նկարիչներ, այդ թվում՝ Ժանսեմը:

Միջոցառումը նշանավորվեց նաեւ Մարտիրոս Սարյանի անվան մեդալը վերականգնելու գաղափարի ծնունդով, ինչին օժանդակելու պատրաստակամություն հայտնեցին ներկա արվեստագետները, Երվանդ Թավերդյանը առաջարկեց երկարաժամկետ հովանավորել ծրագիրը։

Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին նկարիչների վաստակը եւ նման միջազգային պարգեւների կարեւորությունը, նկարիչներին շնորհավորեցին իրենց խոսքով ու կատարումներով:

Լուսանկարներ

Նորություններ