Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակին:
Մայիսի 9-ը մեր պատմության կարեւորագույն, հաղթանակած ու փառապանծ օրերից է, որը ալ կարմիրով նշվել է օրացույցին՝ շարունակ հիշեցնելով մեր պապերի, հայրերի ու եղբայրների սխրանքը, ովքեր Հայրենական պատերազմում ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը չխնայեցին մեր լինելիության համար։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, թիվ N զորամասի սպայական անձնակազմի անդամներն ու զինծառայողները, ի երախտագիտություն Հայրենական ու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհած հայորդիների, ծաղիկներ խոնարհեցին համայնքապետարանի հարակից պուրակի Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանին եւ «Անմար կրակ» հուշահամալիրում:
Օրվա սկզբին համայնքապետը այցելեց նաեւ մարզկենտրոն Արմավիր, որտեղ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի եւ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ մասնակցեց տոնական երթին։
Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած եւ զոհված զինվորներին նվիրված հուշարձանին եւ քաղաքային զբոսայգու Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին, շնորհավորել վետերաններին՝ տոնական օրվա առթիվ։