Մեկնարկեց «Փոքրիկ քայլ» երաժիշտների մանկապատանեկան մրցույթ-փառատոնը

Մշակույթ
02.05.2022

Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցում մեկնարկեց «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական հանրապետական մրցույթ-փառատոնը։ Այս տարի մրցույթը կայացավ երրորդ անգամ։ Շուրջ 18 օր, Հայաստանի ու Արցախի հարյուրավոր երաժշտական դպրոցների 1510 սան իրենց կատարումներով կզարդարեն թիվ 1 եւ թիվ 2 երաժշտական դպրոցների բեմերը` պայքարելով լավագույնի կոչման համար` 11 անվանակարգում։

Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 2019 թվականին, ընդգրկել` Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերը։ 2020-ին փառատոնը չեղարկվել էր` պայմանավորված կորոնավիրուսի համավարկով։ Այս տարի մրցույթի մասնակիցները բոլոր մարզերից եւ Արցախից են:

Մասնակիցների աննախադեպ թիվը եւ մրցույթի գրանցած հաջողությունները վստահություն են հաղորդել կազմակերպիչներին՝ հաջորդ տարի ընդլայնել աշխարհագրությունը եւ փառատոնը դարձնել միջազգային բնույթի:
Մրցույթի համահեղինակ եւ «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախագահ Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ մրցույթի հանդեպ հետաքրքրությունը մեծ է նաեւ այլ երկրներում:
- Այս տարի արտերկրից շատ երաժիշտներ ցանկություն հայտնել են մասնակցելու մրցույթին, սակայն տեխնիկական խնդիրներից ելնելով նրանց մասնակցությունը չի ստացվել, իսկ մյուս տարի մասնակցություն ենք ակնկալում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ այլ երկներից,- հայտնում է Արտյոմ Հարությունյանը:

Ժյուրիի կազմում, ինչպես ամեն տարի, ընդգրկված են անվանի երաժիշտներ, երաժշտական կրթության մեջ իրենց ավանդն ունեցող նշանավոր մարդիկ։

- Երաժշտությունը բացում է մարդու հոգին,- նշում է պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը, ով «Դաշնամուր» անվանակարգի ժյուրիի անդամ է, Կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալակիր: Նրա խոսքով՝ այն երեխաները, ովքեր ուսանում են երաժշտություն, տարբերվում են իրենց հասակակից մյուս երեխաներից: Իսկ նման մրցույթները տալիս են բեմելի փորձ, մասնագետներից խորհուրդներ ստանալու հնարավորություն, եւ հասակակից երաժիշտների հետ շփվելու հարթակ են հանդիսանում:

Փառատոնը կազմակերպվում է Վաղարշապատի համայնքապետարանի եւ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Այս տարի համագործակցության կամուրջ է ստեղծվել Արցախի Մշակույթի նախարարության հետ՝ ապահովելու առավել մեծ թվով արցախցի սաների մասնակցությունը մրցույթին: Այս օրերին, նրանք ոչ միայն կմասնակցեն փառատոնին, այլ շրջայց կունենան Էջմիածնում, կայցելեն պատմամշակութային վայրեր:

Փառատոնն արդեն իսկ դարձել է մեր համայնքի այցեքարտերից եւ մշակութային զբոսաշրջության զարգացման լավագույն խթաններից մեկը:

Լուսանկարներ

Նորություններ