Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
01.05.2022

Սիրելի՜ համաքաղաքացիներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը բոլոր հասարակությունների առաջընթացի բանալին ու երաշխիքն է, եւ աշխարհի բազմաթիվ երկրներում նշվող այս տոնը վերհաստատում է աշխատավոր մարդու եւ նրա կատարած աշխատանքի կարեւորությունը համայնքի ու երկրի զարգացման գործում։

Ջանասեր հայ ազգը դարեր ի վեր իր աշխատանքով է կերտել մեր երկրի լավագույն ավանդույթներն ու դիմագիծը։ Այդ ճանապարհին կարեւորվել են բոլոր մասնագիտությունները եւ ձեւավորվել է գիտակցումը, որ ցանկացած մասնագետ՝ երկրի սահմանը պաշտպանող զինծառայողից մինչեւ հողի մշակ, մի մասն է կազմում պետականաշինության մեծ համակարգի, որտեղ հավասարաչափ կարեւոր են ե՛ւ մտավոր, ե՛ւ ֆիզիկական աշխատանքը։

Սերն առ հայրենիք սկսում է բարեխիղճ աշխատանքից եւ այն գիտակցումից, որ միահամուռ աշխատանքի արդյունքում միայն կարող ենք ընթանալ մեր սիրելի երկրի բազմակողմանի զարգացման ճանապարհով։

Երախտագիտությամբ`
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ