Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում կազմակերպված մեծարման երեկոյին հնչեցին աշխարհահռչակ
կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հոգեթով ստեղծագործությունները։ Բեմին դպրոցի ուսուցչական անձնակազմն էր՝ տնօրեն Գեւորգ Մաղաքյանի գլխավորությամբ։
Միջոցառման բացումը կատարվեց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով։
Ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ։
Իր գնահատանքի խոսքում, համայնքի ղեկավարը նշեց, որ Բաբաջանյանի երաժշտությունը սիրո մասին է։
-Մեր երաժշտական դպրոցները սերունդներ կրթող օջախներ են, որոնք չեն դադարում զարմացնել մեզ,- նշեց համայնքի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար:
Տոնական օրվա առթիվ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը դպրոցին նվիրեց երաժշտական գրքեր, որոնք օգտագործվում են դասապրոցեսի կազմակերպման ժամանակ: