Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունները Էջմիածնում

Holidays and Memorial Days
25.04.2022

Ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին, Էջմիածնում տեղի ունեցավ երթ-մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի:

Երթի մասնակիցները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքից քայլերթով շարժվել են Կոմիտասի անվան հրապարակ, ծաղիկներ խոնարհել Վարդապետի արձանին եւ խնկարկել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը՝ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի հետ միասնական աղոթք հնչեցնելով առ Աստված:

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Մայր Տաճարի շրջափակում՝ Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը, որը պատրաստվել է 2015 թվականին: Մասունքարանում զետեղված են 1965 թվականին Դեր Զորից Սուրբ Էջմիածին բերված մասունքները:

Հոգեւոր դասից զատ, Աղոթքի եւ ուխտի խաչքարին ծաղկեպսակներ զետեղեցին եւ ծաղիկներ խոհարհեցին նաեւ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, պաշոնատար այլ անձինք։

Photos

News