Տերյան փողոցի այգում կառուցվեց մարզական խաղահրապարակ

Սպորտ
15.04.2022

Տերյան փողոցի այգում կառուցվեց համայնքի թվով երրորդ մարզական խաղահրապարակ:

Առողջ ապրելակերպի եւ սպորտային կյանքի խթանմանն ու մասսայականացմանն ուղղված մեր ծրագիրը շարունակելով, համայնքում հերթական հարթակն ենք ստեղծում, որտեղ հարակից տարածքի բնակիչները հնարավորություն կունենան մարզվելու ու կոփվելու:

Տերյան փողոցի այգում այսօր տեղի ունեցավ մարզական խաղահրապարակի եւ վոլեյբոլի համար նախատեսված հատվածի բացումը, քննարկվեց այգում գտնվող ֆուտբոլի դաշտի բարեկարգման հնարավոր նախագիծը:

Մարզահրապարակը կառուցվել է Արթուր Սահակյանի եւ ընկերների բարերարությամբ։ Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը վերջինիս շնորհակալագիր հանձնեց՝ ներդրած ավանդի եւ համայնքում սպորտի զարգացմանն աջակցելու համար։ Շնորհակալագիր հանձնվեց նաեւ մարզասարքերի արտադրությամբ զբաղվող, Վաղարշապատում գործող «Անդրիասյան գրուպ» ընկերության հիմնադիրներ Նժդեհ եւ Մհեր Անդրիասյան եղբայրներին՝ համայնքում մարզահրապարակների կառուցման նախաձեռնության մասնակից դառնալու եւ արդյունավետ համագործակցության համար:

Այսպիսով, Տերյան փողոցի այգին հավակնում է դառնալ համայնքի սպորտային սիրտը․ նորաստեղծ մարզահրապարակը գտնվում է Թիվ 1 մարզադպրոցի հարեւանությամբ եւ այս այգում իրենց բացօթյա պարապմունքներն անցկացնում են նաեւ մարզադպրոցի սաները։

Նմանատիպ մարզական հրապարակներ կառուցվելու են համայնքի այլ հատվածներում եւս:
Մարզահրապարակներ արդեն կառուցվել են Զվարթնոց եւ Սասունցի Դավիթ (նախկին` Պետ.Տնկարան) թաղամասերում:

Լուսանկարներ

Նորություններ