Փոխըմբռնման եռակողմ հուշագիր՝ համայնքում երիտասարդական կենտրոն ստեղծելու մասին

Արտաքին կապեր
21.03.2022

Համայնքում բաց երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց Վաղարշապատի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջեւ:
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակն է բարձրացնել համայնքի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով։ Կենտրոնը նոր հեռանկարներ կբացի համայնքի դեռահասների եւ պատանիների համար՝ ներգրավվելու համայնքի զարգացման ծրագրերին, ընդլայնելու սեփական գիտելիքների եւ կարողությունների դաշտը, կապեր ստեղծելու համայնքի եւ Հայաստանի այլ շրջանների հասակակիցների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին պատրաստակամությունն ու հաստատուն նպատակադրվածությունը՝ կենտրոնի՝ օր առաջ կյանքի կոչման եւ աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, խոսելով համայնքում երիտասարդների ժամանացի եւ համայնքային կյանքի ներգրավման մասին, նկատեց, որ ուժեղ եւ մոտիվացված երիտասարդները համայնքի, հասարակության ու պետության հիմքն են, եւ յուրաքանչյուր համայնք պետք է անի առավելագույնը, որպեսզի այդ ներուժը մնա համայնքում, եւ շփվելու, կրթվելու ու զարգանալու արդյունքում օգնի համայնքին։ «Արդեն իսկ գործող երիտասարդական կենտրոնների փորձը, այն ձեւաչափը, որ ներդրված է՝ պարարտ միջավայր է, որտեղ կկարողանանք դեռեւս դպրոցահասակ տարիքից մոտիվացնել պատանիներին եւ համայնքի համար ստանալ որակյալ քաղաքացի»,- նշեց համայնքապետը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ընդգծեց, որ այս կենտրոնը կօգնի երեխաներին եւ դեռահասներին՝ զարգացնել իրենց հմտությունները, ձեւավորել քաղաքացիական պատասխանատվություն եւ ձեռնարկատիրական հմտություններ։ Նրա խոսքով՝ այսօրինակ կենտրոնների ստեղծումը կարեւոր է հատկապես պաշտպանիչ միջավայր ստեղծելու առումով, քանի որ ցանկացած ճգնաժամի պարագայում առաջնային խոցելի խումբ համարվում են երեխաներն ու պատանիները։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը կարեւորեց համատեղ իրագործվելիք աշխատանքի արդյունքները, որոնք տեսանելի կլինեն ապագայում։
«Այս պատանիները տարիներ հետո դառնալու են համայնքի ակտիվ որոշում կայացնողները, ոչ միայն խնդիրներ բարձրաձայնողները, այլ նաեւ հենարան՝ համայնքում նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար, ինչի մասին լավագույնս խոսում են այլ համայնքներում արդեն իսկ կյանքի կոչված երիտասարդական կենտրոնները»,- նշեց Արթուր Նաջարյանը։
Մեր համայնքին զուգահեռ, երիտասարդական կենտրոններ կստեղծվեն նաեւ Արմավիրում եւ Գավառում, արդեն իսկ գործող կենտրոններ կան Գյումրիում եւ Սպիտակում։

Լուսանկարներ

Նորություններ