Կանանց միջազգային տոնի միջոցառումները՝ Վաղարշապատում

Տոներ և հիշատակի օրեր
10.03.2022

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոնին, համայնքի տարբեր հատվածներում տեղադրված թեմատիկ լուսանկարչական տաղավարները ապահովել են օրվա տոնական տրամադրությունը: Տաղավարները տեղադրված են եղել Կոմիտասի անվան հրապարակի հարակից հատվածում, «Անմար կրակ» հուշարձանի տարածքում, Զվարթնոց, Չարենց թաղամասերում ու Ոսկեհատ համայնքում:

Կազմակերպված միջոցառումների շրջանակում, մարտի 9-ին կայացավ համայնքի կին արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսի բացում՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան եւ կանանց մեկամսյակի մեկնարկին: Ցուցահանդեսին ներկայացված են համայնքի կին արվեստագետների աշխատանքները:
Բացմանը ներկա են գտնվել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, աշխատանքների հեղինակ արվեստագետները, համայնքի ավագանու անդամներ, մշակութասեր քաղաքացիներ:
Համայնքի ղեկավարը արվեստագետներին շնորհավորեց թեմատիկ նվերներով։
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ապրիլի 7-ը:
Օրը եւ միջոցառումների ծրագիրը եզրափակվեց Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած Նարեկ Դուրյանի «Սիրո մենյու» մոնո-կատակերգությամբ: Ներկայացմանը, որպես հրավիրյալ, ներկա էին մեր համայնքի զարգացման գործին իրենց ներդրումը կատարողը կանայք՝ տարբեր ոլորտներից։
«Սիրո Մենյու»-ն բազմաբովանդակ ներկայացում է: Կանայք, հարաբերություններ, երաժշտություն, սեր ու շատ սեր: Դերասանն իր կյանքից առանձնացրել ու մեկ ներկայացման մեջ է ամփոփել դրվագներ, որոնք հանդիսատեսին լիաթոք ծիծաղ պարգեւեցին ավելի քան երկու ժամ։

Լուսանկարներ

Նորություններ