Վաղարշապատ համայնքի ավագանու եւ Youth Community հասարակական կազմակերպության համագործակցությամբ Սասունցի Դավիթ թաղամասում մարտի մեկին տեղադրվեց մարզական խաղահրապարակ եւ տաղավար, որի բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամներ, թաղամասի բնակիչներ, հրավիրյալներ:
Խաղահրապարակը տեղադրվել է համայնքի ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության եւ Youth Community ՀԿ-ի համագործակցությամբ, հարեւանությամբ տեղադրվել է նաեւ տաղավար՝ ավագանու «Էջմիածին» դաշինքի նախաձեռնությամբ:
Նախատեսվում է նաեւ մարզահրապարակի հարակից տարածքում կատարել ծառատունկ եւ հիմնել ֆուտբոլի դաշտ կամ թենիսի կորտ:
Նմանօրինակ առաջին հրապարակը կառուցվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ Զվարթնոց թաղամասում: Ինչպես այդ ժամանակ նշել էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը՝ մարզահրապարակների եւ խաղային հրապարակների կառուցումը համայնքապետարանի նախանշած ծրագրերից է, որը սկսելու է կյանքի կոչվել 2022 թվականից:
Հետագայում համանման մարզական խաղահրապարակներ կկառուցվեն համայնքի այլ թաղամասերում եւս:
Մարզահրապարակում տեղադրված սպորտային սարքերը արտադրվում են Վաղարշապատում՝ Նժդեհ եւ Մհեր Անդրիասյան եղբայրների կողմից:
Մարզահրապարակի բացումից զատ, ներկաները նշեցին նաեւ գարնան առաջին օրը: