Տիգրան Մեծ փողոցի պուրակում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձան

Այլ
21.02.2022

Վաղարշապատի Տիգրան Մեծ փողոցի պուրակում տեղադրվեց հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմի բոլոր զոհերի: Պուրակի հատվածը բարեկարգվել եւ հուշարձանը տեղադրվել է պատերազմի ընթացքում զոհված շարքային Վահե Ասատրյանի հոր՝ Արմեն Ասատրյանի ջանքերով եւ հովանավորչությամբ: Բացման օր ընտրվել է Վահե Ասատրյանի ծննդյան օրը. փետրվարի 19-ին Վահեն կդառնար 21 տարեկան:
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին եւ լայնամասշտաբ զինված հարձակմանը Վահեն մասնակցել է առաջին պահից. 22 օր աննահանջ պայքար է մղել Մատաղիսում, իսկ հոկտեմբերի 23-ից՝ մասնակցել Արցախի Մարտունու շրջանի Ուլյանասար կոչվող բարձունքի պաշտպանությանը: Հոկտեմբերի 30-ին ընկավ Վահեն՝ մինչեւ վերջին շունչը զինակից ընկերների հետ պայքարելով բարձունքի պաշտպանության համար՝ հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի վեհ գիտակցումով: Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Վահեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Արիության» մեդալներով: «Արիության» մեդալը ծնողներին փոխանցեց ՀՀ ՊՆ Վաղարշապատի թիվ N զորամասի հրամանատար գնդապետ Ռոլանդ Աթաբեկյանը:
Հուշարձանի բացմանը ներկա էին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հարազատներ եւ համայնքի բնակիչներ: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Զորական» զինվորական անսամբլը:
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ հուշարձանի բացումը կատարեցին Վահե Ասատրյանի մանկության եւ զինակից ընկերներն ու նրանց քույրերը:
Ինչպես նշեց հուշարձանի հեղինակ Կամսար Վարդանյանը՝ զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը ապրելու խորհուրդ ունի. մենք պարտք ունենք մեր զոհված քաջերի առաջ՝ ապրելու եւ արարելու այն հողում, որի համար նրանք չխնայեցին իրենց կյանքը:

Լուսանկարներ

Նորություններ