Վաղարշապատի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ: 
 Տերունական աղոթքից հետո, օրվա խորհրդով, Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը կատարեց քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը մանկանը օրհնած խաչ նվիրեց: 
 Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, համայնքապետը բարօրություն, սեր եւ ջերմություն մաղթեց ընտանիքներին, շեշտելով, որ ամուր ընտանիքով պետք է ամրապնդվի պետության հիմքը: 
 Միջոցառման ընթացքում Կոմիտասի անվան մշակույթի պալատի պարի խմբերի սաները ծիսական պար-բեմադրությամբ ներկայացրին տոնի խորհուրդը: Համայնքի դպրոցների, հասարակական կազմակերպությունների եւ մշակութային օջախների պատրաստած տաղավարներն ապահովեցին տոնական շունչը: Համայնքի ղեկավար մարմինը շրջայց կատարեց տաղավարներում, ծանոթացավ խմբերի պատրաստած ձեռագործ աշխատանքներին:  
 Նախատոնակը եզրափակվեց խարույկի շուրջ բռնած ազգային պարերով: