Առաջիկայում կվերանորգվի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի հին մասնաշենքը՝ Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով: 
Էջմիածնի համայնքապետարանը, վարելով արտաքին ակտիվ ու ճկուն քաղաքականություն, նպատակ ունենալով զարգացնել քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերը, մասնավորապես մանկապարտեզները, ստեղծում է համագործակցության ուղիներ՝ ներգրավելով նաեւ արտաքին ռեսուրսը: 
Այս նպատակով, Էջմիածնի համայնքապետարանը սույն թվականի հունիսին դիմել էր դրամաշնորհային աջակցության՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի շրջանակում: Արդյունքում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում ստորագրվել է ավելի քան 90 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային աջակցության հուշագիր: 
Տրամադրված միջոցներով նախատեսվում է վերանորոգել մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, խոհանոցը, պատշգամբները եւ սանհանգույցը: Ծրագրի արդյունքում ավելի քան 300 սաներ եւ աշխատակիցներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից, ինչպես նաեւ կբացվի 30 երեխայի համար նախատեսված հավելյալ խումբ, ինչի շորհիվ կթեթեւանա մանկապարտեզի ընդունելության սպասող երեխաների հերթը: Նոր խմբասենյակն իր հերթին կստեղծի երկու նոր աշխատատեղ: 
Հիշեցնենք, որ մանկապարտեզի մյուս մասնաշենքն ամբողջությամբ վերանորգվել է 2019 թվականին՝ Արամայիս Միրոզոյանի եւ Կարեն ու Արման Մկրտչյանների բարերարությամբ: Մանկապարտեզի դահլիճը հիմնանորգվել է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Գեւորգ Ղազարյանի միջոցներով:
   Այս ծրագրի իրագործումից հետո կունենանք ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզ:
  Ապագա սերունդների առողջ դաստիարակության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծումը առաջնահերթ տեղ է գրավում մեր աշխատանքում: Շարունակելով համագործակցությունների շղթան, մեր քայլերն ուղղելու ենք համայնքապատկան բոլոր հաստատությունների բարեկարգմանը: