Հարգանքի տուրք՝ Օշականի ճակատամարտում զոհված մարտիկների հիշատակին

Մշակույթ
19.08.2021

194 տարի առաջ օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը՝ պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի զորքի եւ գեներալ Աֆանասի Կրասովսկու ղեկավարած ռուսական զորաջոկատի միջեւ, որն օգնության էր շտապում պարսից զորաուժի կողմից հարձակման ենթարկված եւ պաշարված Էջմիածնի վանքին: Ճակատամարտի հաղթական ելքը առավելապես կարեւոր էր Էջմիածնի եւ մեր հոգեւոր արժեքների պահպանման համար, բայց այն բեկումնային նշանակություն ունեցավ նաեւ ռուս-պարսկական պատերազմի ելքի համար:
Օգոստոսի 17-ին հանդիսավոր միջոցառում տեղի ունեցավ եւ ծաղկեդրում կատարվեց ճակատամարտում զոհված ռուս զինվորների եւ հայ կամավորների հիշատակին կանգնեցված հուշակոթողում:
Ներկա էին ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Էջմիածնի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, Հայաստանում ռուսական համայնքի ներկակացուցիչներ եւ այլք:

Իր խոսքում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեջբերեց Ներսես Աշտարակեցու խոսքը, նշելով. «Մի բուռ ռուս եղբայրներ մեզ հասան թշնամու երեսուն հազարանոց բանակի միջով: Նրանք իրենց համար ձեռք բերեցին անմահ փառք, իսկ գեներալ Կրասովսկու անունը հավերժ կմնա Էջմիածնի տարեգրության մեջ»:
Նա նաեւ հավելեց, որ անհիշելի ժամանակներից Հայաստանն ու Ռուսաստանը կապված են եղել բարեկամության, բարիդրացիության եւ փոխադարձ աջակցության սերտ կապերով: Բարի ավանդույթների վրա հիմնված մեր երկրների համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունն այսօր դինամիկ զարգանում են, եւ մենք վստահ ենք, որ ժամանակի ընթացքում ուժով փորձարկված այս բարեկամությունը հետագայում նույնպես կզարգանան:

ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովն ընդգծեց՝ 1827 թվականին այս օրը քաջարի գեներալ Աֆանասի Կրասովսկու հրամանատարությամբ հայ-ռուսական ջոկատը, անկախ հակառակորդի՝ իրենց տասնապատիկ գերազանցելու հանգամանքի, ճեղքեց պարսից բանակի շրջափակումն ու ստիպեց թշնամուն վերացնել Էջմիածնի վանքի պաշարումը: 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի առանցքային իրադարձությունը, հերթական անգամ ցույց տվեց արտաքին սպառնալիքին դիմակայելու երկու ժողովուրդների կարողությունը եւ սեփական անձը զոհաբերելու հերոսությունը՝ հանուն ընդհանուր շահերի:

Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանն իր խոսքում շեշտեց, որ Օշականի ճակատամարտում կրկին ամրապնդվել է հայ-ռուսական եղբայրական զինակցությունը, որն այլ ուղղությամբ շրջեց պատմության անիվը, եւ 194 տարի անց էլ հայ ժողովուրդն ամենայն երախտագիտությամբ է հիշում ռուս մարտիկների սխրանքը հայկական հողում եւ գլուխ է խոնարհում նրանց հիշատակի առաջ:

Միջոցառումն ավարտվեց Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականների մատուցած հոգեհանգստյան կարգով:

Լուսանկարներ

Նորություններ