Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված տիկնիկային ինտերակտիվ ներկայացումը:
2020 թվականի սեպտեմբերին մեկնարկած «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակներում «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ ջանքերով ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» եւ «Լինում է, չի լինում առցանց» հեքիաթները թարգմանվել եւ հրատարակվել են հայերեն, այնուհետ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի մոտիվներով Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հետ համագործակցությամբ ստեղծվել է ներկայացում, որին մասնակից դարձան Էջմիածնի փոքրիկները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Ամիրահ Իսմայիլը եւ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը։
Այս գրքերի հետ ծանոթությունը թե՛ մեծերին, թե՛ փոքրերին օգնում է ավելի լավ հասկանալ համացանցն ու մեդիան, դրանց տված հնարավորությունները, ծանոթացնում՝ ինչպես խուսափել համացանցում առկա հնարավոր թակարդներից։
Միջոցառման ավարտին փոքրիկները նվեր ստացան իրենց տարիքին համապատասխան հեքիաթը, գրադարանը եւս համալրվեց հեքիաթներով:
Ծրագիրն արդեն իրակացվել է մի քանի մարզերում, Երեւանում եւ կրում է շարունակական բնույթ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։