«ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Սոցիալական
19.05.2021

«Կանայք քաղաքականության մեջ» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում Էջմիածնում կայացան «Կանանց ներգրավումը էջմիածին համայնքի կառավարման և որոշումների ընդունման գործընթացում» թեմայով սեմինարներ: Մասնակցում էին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կանայք:
Ծրագիրը նպատակ ունի ձեւավորել Էջմիածին համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող, առնվազն 15 կանանցից բաղկացած խորհրդակցական մարմին՝ համայնքի ղեկավարին խորհրդատվություններ, եզրակացություններ եւ առաջարկություններ ներկայացնելու համար, ներգրավելով նրանց համայնքի հասարակական, մշակութային, կրթական, առողջապահական, զբոսաշրջային և այլ ոլորտների մեջ՝ ապահովելով նրանց փոխադարձ կապն ու համագործակցությունը համայնքում քաղաքականություն մշակող և որոշում ընդունող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) հետ՝ այդպիսով ապահովելով կանանց ակտիվ մասնակցությունը համայնքի կառավարմանն ու զարգացման գործընթացներին:
Ըստ ծրագրի համակարգող Կարինե Եսայանի՝ խորհրդակցական մարմինները, որպես համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների միավորված խումբ, կարող են խորհրդատվություն, եզրակացություններ եւ առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին՝ այդպիսով ակտիվ մասնակցություն ունենալով համայնքում քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման և դրանց իրականացման արդյունքների մոնիթորինգի և գնահատման գործընթացներին, ինչը փաստորեն ներկա ստեղծված իրավիճակում չի կատարվում:

Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 5-օրյա դասընթաց Էջմիածին համայնքի 25 կանանց համար: Այս ուրբաթ, ժամը 15:00-ին նախատեսվում է իրականացնել 6-րդ՝ եզրափակիչ դասընթացը:

Դասերի ընթացքում տարբեր բանախոսներ ներկայացրել են հետևյալ թեմաները.

1) կանանց իրավազորում և գենդերային հավասարություն,
2) ՏԻՄ-ը եւ դրա գործառույթները ,
3) համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու նիստերին ներկայացվող որոշման նախագծերի նախապատրաստումը և դրանք ներկայացնելու ընթացակարգը,
4) բնակչության դերը եւ գործառույթները ՏԻՄ-երի լիազորությունների կատարման գործընթացում,
5)կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-երի աշխատանքի մեջ, մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
6) համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման եւ գործունեության մասին:
Որպես պատվավոր հյուր եւ բանախոս դասընթացին մասնակցել է նաեւ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Լուսանկարներ

Նորություններ