ԳՐՔԻ ՏՈՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
19.02.2021

Էջմիածնի կենտրոնական գրադարանում նշվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը եւ գիրք նվիրելու տոնը:
Համավարակով պայմանավորված այս տարի գրադարանում մեծ միջոցառում նախատեսված չէր, սակայն ողջ օրվա ընթացքում տեղի ունեցան կարճ եւ սակավամարդ միջոցառումներ՝ առանձնացված ժամերով:
Տոնին ընդառաջ գրադարանում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ ձեւափոխվել է ընթերցասրահը, առանձնացվել է մանակական, երաժշտական, արվեստի հատված՝ համապատասխան կահավորմամբ: Գրադարանը համալրվել է նոր պարկաթոռներով, երաժշտական գործիքներով, ուսուցողական խաղերով,
գրքային ֆոնդը պարբերական ենթարկվում է արդիականցման:
Գիրք նվիրելու տոնի առթիվ գրադարանի առաջին հյուրերը եւ օրվա առաջին նվիրատուները թիվ վեց «Արեւիկ» մանկապարտեզի սաներն էին:
Առանձնացված մանկական սրահում ընթերցվեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները, ցուցադրվեցին ուսուցողական մուլտֆիլմեր:
Ինտերակտիվ միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխարհի գրադարաններին, հարցուպատասխանի միջոցով երեխաները ծանոթացան գրադարանի մանկական հատվածին:
Գրադարանն ակտիվ համագործակցում է գրախանութների եւ հրատարակչությունների հետ, անընդմեջ համալրվում նոր գրքերով, որոնք պահանջված են ընթերցողների կողմից:
Խոսելով առկա գրականության եւ սպասվելիք փոփոխությունների մասին գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը նշեց, որ ընթերցողների կողմից պահանջված է ինչպես դասական գրականությունը, այնպես էլ մասնագիտական գրականությունը, եւ այս ուղղությամբ եւս քայլեր են ձեռնարկվում՝ գրադարանը համալրելու:
Գրադարանում առկա է շուրջ 28 լեզվով գրականություն, այդ թվում՝ լեհերեն, էստոներեն, եբրայերեն:
Բավական հարուստ է անգլալեզու եւ ֆրասնալեզու գրականությամ բաժինը:
Այս տարի գրադարանը նշում է հիմնադրման 100-ամյակը եւ տարվա ողջ ընթացքում ընթերցողներին կներկայանա նորարարական մոտեցումներով ու տարաբնույթ միջոցառումներով:

Տեսանյութ

Նորություններ