ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
19.11.2018

Ուսանողների միջազգային օրն ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 17-ին: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: Այն միտված է ևս անգամ շեշտելու ուսանողության ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:
Ուսանողների միջազգային օրվա առթիվ Էջմիածնի ուսանողական խորհուրդը և քաղաքապետարանը Էջմիածնի ակտիվ ուսանողների, երիտասարդներին միավորող հասարակական կազմակերպությունների և բարձր դասարաններում սովորող աշակերտների համար կազմակերպել էին բազմաբովանդակ միջոցառում:
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ուսանողական խորհրդի անդամները, որից հետո նրանց իր շնորհավորական խոսքն ասեց քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նշելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես են ուսանողներն ակտիվ ու միասնական ներգրավված Հայաստանի ամենօրյա խնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Միջոցառումը շարունակվեց ինտելեկտուալ և ստրատեգիական խաղերով և երիտասարդների գաղափարների ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականների բաց քննարկումով:
Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են երկրի ապագան։ Էջմիածնի ակտիվ երիտասարդներին քաղաքապետարանը շնորհակալագրեր հանձնեց`ուսանողներից ակնկալելով առավել սերտ համագործակցություն Էջմիածնի քաղաքապետարանի հետ:

Տեսանյութ

Նորություններ