ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ՝ ՆԿԱՐՉԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Մշակույթ
29.01.2019

Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում նշվեց Հայաստանի ժողովրդական նկարչի ծննդյան 110-ամյակը: Հրավիրված էին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Էջմիածնեցի նկարիչների ընտանիքները, թանգարանի մշտական այցելուներն ու արվեստի դպրոցի սաները:
Օրվա առթիվ ցուցադրության էին դրվել Մհեր Աբեղյանի նկարազարդումները կատարված Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա: Էքսկուրսիան շարունակվեց զրույց-դասախոսությամբ «Մհեր -Լուսիկ» թեմայով, որի ընթացքում թանգարանի տնօրեն Մանուշակ Հովհաննիսյանը հետաքրքիր ու բացառիկ տեղեկություններ հաղորդեց Աբեղյանների ընտանիքից:
Մհեր Աբեղյանին հատուկ է դեկորատիվ գունեղությունը: Նրա բնանկարներում իշխում են անդորրն ու հոգևոր հանգստությունը, նատյուրմորտները վառ են:
Կենդանության օրորք Աբեղյանը հաճախ է հյուրընկալվել թանգարանում և զրուցել այցելուների հետ: Այստեղ պահպանվում է Աբեղյանի մոլբերտը, որից հաճախ օգտվում են նաև Էջմիածնի գեղարվեստի դպրոցի սաները՝ թանգարանում ստեղծագործելու ընթացքում: Թանգարանի տնօրինությունը պահում է նաև Աբեղյանների տան ավանդույթը` ծննդյան օրվա ավանդական փախլավայի հյուրասիրությունը:

Տեսանյութ

Նորություններ