«Մաքուր Հայաստան» համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվեցվել Էջմիածին համայնքի ողջ տարածքում։ Մաքրությունն իրականացվել է հասցեագրված տարածքներում. աշխատանքների ճիշտ կազմակերպման համար քաղաքի ողջ տարածքը նախապես քարտեզագրվել և բաժանվել էր առանձին հատվածների, նշանակվել էին պատասխանատուներ: Նախապես գրանցված կամավորներին տրամադրվել էին անհրաժեշտ պարագաներ: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ներգրաված են եղել նաև 18 մեքենա-սարքավորում:
Էջմիածին-Արմավիր ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին միացել էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները՝ նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ։
Քաղաքը մաքրելու աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, տնտեսվարողները, բանկերն ու հասարակական կազմակերպությունները, Էջմիածնում ծառայող զինվորները: Նրանց էր միացել նաև Արմավիրի մարզից «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանը:
Միանալով քաղաքապետարանի կոչին` բնակիչները սանմաքրման աշխատանքներ են կատարել իրենց բակերում և հարակից տարածքներում։ Աշխատանքների արդյունքում աղբից մաքրվել են միջքաղաքային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքները, զբոսայգիները, հանրային նշանակության շենքերի տարածքները։ Իսկ օրվա ավարտին կուտակված աղբը քաղաքապետարանի մեքենաները տեղափոխել են աղբավայր:
Համապետական շաբաթօրյակները լինելու են ամենամսյա՝ նպատակ ունենալով հանրության գիտակցության մեջ ձևավորել ինչպես մաքրելու, այնպես էլ չաղտոտելու մշակույթը: