ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Ոստիկանության նախաձեռնությամբ Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջգերատեչական հանդիպում։ 
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Էջմիածնի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետարանի «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի նախագահ Արսեն Պետրոսյանը: 
Միջգերատեսչական հանդիպման ընթացքում քննարկումը ծավալվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ: 
Մարդու իրավունքների փորձագետ Անուշ Խաչատրյանը համառոտ ներկայացրեց ԵՄ-ի «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագիրը: Իսկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ոստիկանության կողմից վերոհիշյալ օրենքի կիրարկման առանձնահատկությունները և ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը: 
Միջգերատեսչական հանդիպումների շարքն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։