ՄԻՏՔԴ ՎԱՌ ՊԱՀԻՐ, ԷՋՄԻԱԾԻ՛Ն

Տոներ և հիշատակի օրեր
27.04.2019

2019 թվականի մարտի 21-ի նիստում կառավարությունն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում որպես Քաղաքացու օր նշելու որոշումը:
Ապրիլի 29-ին «Միտքդ վառ պահիր» խորագիրը կրող միջոցառումներ անցկացվեցին հանրապետության ամբողջ տարածքում:
Տոնական միջոցառումներն էջմիածնում ապակենտրոնացված էին։ Քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել էին բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնցում ընդգրկված էին Էջմիածնի քաղաքապետարանի արտադպրոցական կրթական հաստատությունների սաները և քաղաքում գործող երգի և պարի խմբերը։
Տոնական օրվա մեկնարկը տրվեց կեսօրին`Կոմիտասի անվան մշակույթի պալատի բակում` մշակութային կենտրոնի սաների մասնակցությամբ կարճ համերգային ծրագրով, որին հաջորդեց կավճանկարչությունը`Մարիանե այգում: Երեխաները այգին պատեցին տարաբնույթ գունավոր պատկերներով, ընթացքում նրանց միացավ նաև քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Անմար կրակ հուշահամալիրում և Կոմիտասի անվան հրապարակում ելույթ ունեցան Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 և Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների սաները: Ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին նաև Էջմիածնի Հայորդյաց տան սաները:
Հրապարակին կից տարածքում Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները`ցուցահանդեսի տեսքով:
Անհատական աշխատանքների ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել նաև «Մեր տունը» հասարակական կազմակերպության, թիվ 4 հիմնական դպրոցի և Հայորդյաց տան սաները:
«Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ֆոտոցուցահանդես էր կազմակերպվել Պատմաազգագրական թանգարանի հարակից տարածքում․ տարբեր հեղինակների լուսանկարներով ներկայացվում էր հեղափոխության ողջ ընթաքը և հիշարժան պահերը։
Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված էին առաջարկների արկղիկներ, որտեղ քաղաքացիները կարող էին թողնել քաղաքի զարգացման և բարեկարգման տեսլականի վերաբերյալ իրենց առաջարկները։
Կեսօրից փակ էր քաղաքի կենտրոնական Մաշտոցի փողոցը, որը հարթակ էր դարձել քաղաքի ավագ սերնդի համար`կազմակերպելու շախմատի մրցաշար, որից անմասն չմնաց նաև քաղաքապետը:
Իսկ տոնական տրամադրությունը ամբողջական դարձրեցին քաղաքացիների հյուրասիրությունը միմյանց, փողոցում արված խորովածը և վարդերը, որոնք նվիրվում էին իգական սեռի ներկայացուցիչներին:

Լուսանկարներ

Նորություններ