ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
03.05.2019

Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003 թվականից: 2012 թվականից Հայաստանը ասոցիացիայի լիիրավ անդամ է:
Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպությունը գործում է «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն» կարգախոսի ներքո: Գլխավոր առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը և անդամ երկրների միջև համերաշխության տարածմանը նպաստելն է: Այն միտված է նաև ֆրանսերեն լեզվի տարածմանը:
Էջմիածնի և ֆրանսիական քաղաքաների բարեկամությունը նախանշվել է 1989 թվականի դեկտեմբերից` Իսի լե Մուլինոյի հետ կնքված բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրմամբ: Այս բարեկամության շրջանակներում երկու քաղաքները համատեղ իրականացրել և իրականացնում են բազմաթիվ բարեկարգման և մշակութային ծրագրեր: Արդեն 2015-ին համագործակցության հուշագիր, իսկ ավելի ուշ արդեն պայմանագիր է կնքվել նաև ֆրանսիական Շաղվիո Շավանիո քաղաքի հետ:
Ունենալով ֆրանսիական 2 քույր քաղաք Էջմիածինը պարբերաբար կազմակերպում է ֆրանկոֆոն միջոցառումներ:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Էջմիածնում գտնվող Մաչանենց տանը կազմակերպվել էր խեցեգործության, գորգագործության և նկարչության վարպետության դաս, որի ընթացքում մասնակիցները պատրաստեցին հայկական և ֆրանսիական խորհրդանիշներով կավե հարթաքանդակներ և նկարներ, ծանոթացան գորգարվեստին։
Վարպետության դասն անցկացվեց ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի ներքո։
Ֆրանկոֆոն երկլեզու միջոցառում էր կազմակերպվել Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում` «Մենք մեկ ենք = Nous sommes un» խորագրի ներքո: Ցերեկույթների մասնակիցները գրադարանի ակտիվ ընթերցողներն էին: Ֆրանսիայի շունչը ստանալու համար ելույթներն ու կատարումներն ուղեկցվոււմ էին Ֆրանսիան ներկայացնող տեսաշարով: Հակիրճ ներկայացվեց Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության դերը և նշանակությունը:

Տեսանյութ

Նորություններ