Հարգելի՛ համաքաղաքացիներ
Շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսը հայ ժողովրդի հաղթանակի ամիսն է, որն իր մեջ խտացնում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին:
Անմոռանալի է մեր պապերի ու հայրերի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մյուս ժողովուրդների հետ պայքարելով դարի չարիքի` ֆաշիզմի դեմ, նրանք կործանումից փրկեցին համայն մարդկությանը:
Տարիներ անց Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ և պաշտպանության բանակի կազմավորմամբ: Այդ հաղթանակը մեր ժողովրդի միասնության ու համախմբվածության արգասիքն էր, ժողովուրդ, որը կարողացավ բռունցքվել օրհասական պահին և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը:
Այսօր նաև հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին:
Համոզված եմ, որ գալիք սերունդները, ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել հզոր ու ամուր հայրենիք:
Սիրելի´ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:
Հարգանքներով՝
Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան