ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՆ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
23.05.2019

«Թանգարանային գիշեր» ծրագրի միջոցառումներին այս տարի ևս միացել են Էջմիածնի համայնքային թանգարանները: Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրն անցկացող այս ծրագիրը մշակութային միջոցառում, որի ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր՝ իրենց նոր պոտենցիալ այցելուներին ներկայանալու համար։ Վերջին տարիներին թանգարաններն այս օրը ներկայանում են տարվա խորագրին բնորոշ նոր ցուցադրություններով և միջոցառումներով։
Էջմիածնում թանգարանների այցելուները նախ շնորհավորում էին թանգարանների աշխատակիցներին թանգարանների միջազգային օրվա առթիվ, ապա ծանոթանում ցուցանմուշներին։
Պատմաազգագրական թանգարանում ցուցադրված էր կյանքն ու կենցաղը խորհրդային տարիներին՝ «Հուշեր մեր ոչ հեռավոր անցյալից․ HOMO SOVETICUS» խորագրի ներքո։ Թանգարանի մեծ այցելուներին ցուցանմուշները ծանոթ էին խորհրդային տարիներից և արթնացնում էին հաճելի հուշեր, փոքրերը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ցուցանմուշները, փորձում գրել թանաքի օգնությամբ։
Թանգարանի մեկ այլ սրահում ցուցադրված էին սոցռեալիզմի ժանրի գործեր՝ Էջմիածնի պատվավոր քաղաքացի, ավեստագետ Ներսես Մելիքյանի հավաքածուից։ Իսկ թանգարանի մթնոլորտը ջերմացում էին երաժշտական և պարային կատարումները։
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում, բացի հիմնական ցուցադրությունից, բացվեց նաև Սամվել Մովսիսյանի կոլաժների ցուցահանդեսը։ Միաժամանակ, տուն-թանգարանի բակում պարի բաց դաս էր, որին կարող էին միանալ եւ մասնակցել թանգարանի այցելուները։
Միջոցառման երկրորդ հատվածում ելույթ ունեցան Վաղարշապատի Մ․ Գորկու անվան համար 5 ավագ դպրոցի շնորհալի սաները՝ ասմունքով, սրտառուչ նամակների ընթերցմամբ և բանաստեղծի կյանքի հատուկ պահերի հետաքրքիր բեմականացումներով։

Տեսանյութ

Նորություններ