ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷՋՄԻԱԾՆԻ ԱՐՏԱԴՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Կրթություն
11.06.2019

Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության արտադպրոցական հաստատությունների սաները 2018-2019 ուսումնական տարին ամփոփեցին հաշվետու համերգներով և ցուցահանդեսով։ Տարեվերջյան հաշվետու միջոցառումները մեկ տարվա առաջընթացի և ստացած գիտելիքների ու հմտությունների յուրօրինակ ցուցադրություն է:
Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները ցուցահանդեսով ներկայացրել էին տարվա ընթացքում կատարած բազմաթիվ և բազմաժանր աշխատանքները` ուսուցանվող բոլոր բաժիններից: Ներկայացված էր գեղանկարչություն, գծանկար, կոմպոզիցիա, քանդակ, գոբելեն, մաքրամե, գորգագործություն և բատիկա: Հաշվետու ցուցահանդեսը խորհրդանշական էր հատկապես ավարտականների համար։
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհավորեց սաներին հերթական ուսումնական տարվա բարեհաջող ավարտի կապակցությամբ և ավարտականներին վկայականներ հանձնեց:
Միջոցառման պաշտոնական մասից հետո արվեստասեր այցելուները շրջեցին և ծանոթացան դպրոցի սաների աշխատանքներին:
Հաշվետու գեղեցիկ համերգային ծրագիր էին պատրաստել Էջմիածնում գործող երաժշտական դպրոցները։ Բազմաժանր կատարումներով հանդիսատեսի համար ելույթ ունեցան տարբեր դասարաններում սովորող երեխաները՝ դաշնամուրային, լարային, հարվածային եւ փողային գործիքների, ինչպես նաեւ՝ վոկալ կատարումներով:
Արտադպրոցական հաստատություններ հաճախող սաները հերթական ուսումնական տարին ավարտեցին լրացված գիտելիքներով, հմտություններով ու նաև ձեռքբերումներով։ Ողջ տարվա ընթացքում Էջմիածնում գործող մշակութային օջախների սաները մասնակցել են տարբեր փառատոների և մրցույթների, արժանացել պատվավոր մրցանակների։

Տեսանյութ

Նորություններ