ՔՀԿ-ՏԻՄ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Այլ
25.07.2019

«Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում․միջազգային փորձն ու առաջիկա անելիքները» խորագրով ՔՀԿ-ՏԻՄ համաժողովը կայացավ Էջմիածնում:
Ներկայումս մշակվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն և միջոցառումների ծրագիր, որտեղ կա դրույթ՝ 15 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում նույնպես ներդնել հակակոռուպցիոն սխեմաներն ու գործողությունների ծրագրերը: Քաղաքապետարանում կայացած քննարկումն մշակման փուլում առաջին էր:
Համաժողովին ներկա էին ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ինչպես նաև Հայաստանի համայնքների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Քննարկումները ծավալվեցին կոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառավարման մարմիններում թեմայի շուրջ, ներկայացվեց միջազգային փորձը, քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարությունների եւ միջոցառումների ծրագրերի ներդրման հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելումն ու էթիկայի ապահովումը տեղական եւ տարածքային մակարդակով:
Օրակարգն ընթացավ ակտիվ ու կառուցողական քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում:
Որպես բանախոս համաժողովում ներգրավված էր նաեւ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Խոսելով տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն ռազմավարությունների եւ ծրագրերի ներդրման հնարավորությունների մասին, Դիանա Գասպարյանը ներկայացրեց Էջմիածնում արված քայլերը եւ Էջմիածնի փորձը կոռուպցիայի կանխարգելումն ապահովելու ուղղությամբ՝ նշելով, որ արված քայլերը տվել են ցանկալի արդյունք:
Քննարկման վերջում քաղաքապետը նաեւ պատասխանեց մասնակիցների հարցերին:

Տեսանյութ

Նորություններ