Էջմիածնի քաղաքապետարանի հարակից պուրակում անցկացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մարզական փառատոնը, որին այս տարի Էջմիածինը մասնակցեց 7 մարզաձեւ ներկայացնող շուրջ 500 մարզիկով:
Մարզական փառատոնը արդեն 16 տարի անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում եւ Արցախում: Նպատակն է առողջ ապրելակերպի քարոզչությունը, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասսայականացումը, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը, համայնքներում ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթի վերականգնումը:
Ամեն տարի փառատոնին պատվով մասնակցություն են ցուցաբերում էջմիածինցի մարզիկները, ինչի ապացույցն է քաղաքի` նախորդ տարվա փառատոնում հաղթող ճանաչվելու փաստը:
Նախարարության սահմանած հավաստագրերն ու պարգեւները հաղթողներին հանձնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան: