ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
14.02.2019

Տեառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Սուրբ Ծննդյան տոնից 40 օր հետո: Տոնի հիմքում մանուկ Հիսուսին տաճարին ընծայման խորհուրդն է:Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր: Տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին:
Էջմիածնում Տեառնընդառաջը նշվեց ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ: Տոնակատարությունը սկսվեց տերունական աղոթքով և օրվա խորհրդով կատարվեց 40 օրական մանուկի և նորապսակների օրհնության կարգ:
Նորապսակներին շնորհավորեց էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ նորակազմ ընտանիքներին մաղթելով ամրություն և երջանկություն։ Նորապսակներն ու քառասնօրյա մանուկը քաղաքապետարանի կողմից նաև ոսկյա իրեր նվիր ստացան:
Վառվեց Տեառնընդառաջի խարույկը և տոնի ժողովրդական ծիսակարգը ներկայացվեց խարույկի շուրջ բռնած շուրջպարով, աղանձ բաժանելով ու խաղիկներ երգելով՝ տոնախմբությանը մասնակից դարձնելով նաև ներկաներին:
Ընտանեկան տոնի ողջ կոլորիտը ստանալու համար Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը կազմակերպել էր հայկական ընտանեկան կենցաղը խորհրդանոշող բացօթյա ցուցադրություն: Ցուցադրության էին դրվել նաև 19-րդ դարի հայկական հարսանյաց տարազների լուսանկարները:

Տեսանյութ

Նորություններ