Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
28.05.2022

Սիրելի՜ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:
104 տարի առաջ հայ ազգի միասնության, հավաքական նպատակի եւ անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու մեր դարավոր տենչը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը, մեր պատմության էջերում իրենց փառավոր ներկայությամբ փաստում են, որ միայն սեփական ուժերին հավատալու եւ ապավինելու արդյունքում իրագործելի է դառնում անգամ ամենախենթ գաղափարը։
Հայաստանի առաջին հանրապետությունը, թեեւ իր կարճ գոյությամբ, հայրենանվիրումի եւ անկախության նշանակությունը գիտակցելու կարեւոր դասեր տվեց հետագա սերունդներին։ Այն հիմնաքարը դարձավ հայոց պատմության նոր պայքարների եւ սխրանքների։
Անկախ պետականությունը յուրաքանչյուր ժողովրդի մեծագույն պարծանքն ու ձեռքբերումն է։ Եվ այսօր, Հայաստանի անկախ հանրապետության գոյությամբ մենք պարտական ենք նաեւ Առաջին հանրապետության հիմնադիրներին ու մայիսյան հերոսամարտերում զոհված մեր նախնիներին, որոնց արյան գնով կերտվեց Առաջին հանրապետությունը` կարեւոր հիմքերից մեկը դառնալով Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման։
Խոնարհումով`
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ