Էջմիածինը մեծ ընտանիք է, որտեղ մեկտեղված են սերը, նվիրումն ու ջանքերը

Տոներ և հիշատակի օրեր
11.10.2021

Ներկայացումներ, ցուցահանդեսներ, օպերետներ, նոր մշակութային համաձայնագրեր եւ ոչ միայն: Այն ամենն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում՝ քաղաքի հիմնադրման 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի ընթացքում:

Էջմիածնի 2706-ամյակի քառօրյա մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի յոթին` Ռուսաստանի Արզամաս համայնքի հետ փոխգործակցության, բարեկամական եւ մշակութային կապերի հաստատման մասին համաձայնագիր ստորագրմամբ։
Այս համաձայնագրով կողմերը համագործակության ուղիներ կստեղծեն մշակութային, առեւտրային, տնտեսական եւ գիտատեխնիկական ոլորտներում։ Էջմիածին ժամանանած պատվիրակությունը` քաղաքապետ Ալեքսանդր Շչյոլոկովի գլխավորությամբ, շրջայց է ունեցել քաղաքի կրթական ու մշակութային հաստատություններում։ Պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Հոկտեմբերի յոթին, քաղաքի տոնին զուգահեռ նշեցինք նաեւ Գրադարանավարի օրը. տոնի խորհրդով, քաղաքապետ Դիանա Գասպարյանն այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան, հանդիպում ունեցել գրադարանների աշխատակիցների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, գրադարանին նվիրել գրքեր՝ պահանջված գրականության ցանկից։ Մասնագիտական տոնի առթիվ գրադարանի ֆոնդը համալրվել է նաեւ նվիրատուների շնորհիվ: Էջմիածնի կենտրոնական գրադարանն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը, եւ, մեկտեղելով երկու տոները, գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն այսօր գրադարանի հավատարիմ ընթերցողներին է հանձնել խորհրդանշական հուշանվերներ։
Մշակութային քառօրյայի առաջին օրը քաղաքում նշանավորվեց նաեւ ցուցահանդեսներով: «Հայ միասնության խաչ» բարեգործական, մշակութային, հասարարական կազմակերպությունում կայացավ Մաչանենց միջազգային 6-րդ սիմպոզիումի ցուցահանդեսի բացումը, որին մասնակից դարձան Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, պաշտոնատար անձինք, դեսպանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հոգեւորականներ, մշակութասեր քաղաքացիներ։
Ամենամյա սիմպոզիումի նպատակն է նպաստել հայ եւ օտարերկրացի արվեստագետների միջմշակութային երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։ Այս տարի սիմպոզիումին մասնակցել է 70 գեղանկարիչ՝ Հայաստանից, Արցախից եւ եւս 9 այլ երկրից:

Երեկոյան, քաղաքապետարանի հարակից այգում, կայացավ էջմիածինցի նկարիչ Ժորա Գասպարյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Յոթ մահացու մեղքեր» խորագրով։ Բացմանը խոսքով ներկաներին դիմեցին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Ցուցահանդեսի կայացման վայրի ընտրությունը պատահական չէր։ Նկարչի խոսքով՝ շրջանաձեւ տարածությունը հնավորություն է տալիս դիտողին մնալ մենակ յոթ մահացու մեղքերի եւ ներքին զգացողությունների հետ, ինքնաբացայտում կատարել։
Մշակութային քառօրյայի երկորդ օրը մեկնարկեց Ուկրաինայի Չերկասի քաղաքի հետ կնքված համաձայնագրով: Էջմիածնի քաղաքապետ քաղաքապետ Դիանա Գասպարյանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Անատոլի Բոնդարենկոյի հետ ստորագրեց փոխգործակցության, բարեկամական եւ մշակութային կապերի հաստատման մասին պայմանագիր, որով կողմերը համագործակության ուղիներ կստեղծեն առեւտրային, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։
Քաղաքապետը պատվիրակության անդամներին ուղեկցել է Էջմիածին քաղաքում գործող թանգարաններ եւ Մայր Տաճար: Ճանաչողական շրջայցի ընթացքում պատվիրակությունը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Երկու քաղաքների համագործակցությունը հնարավոր է դարձել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան եւ անձամբ դեսպան Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ:

Հոկտեմբերի ութի երեկոյան Կոմիտասի անվան մշակույթի պալատում բեմադրվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը։ Լոռեցի Սաքոյի գլխին նանի պատմած հին սնահավատ պատմությունները դառնում են պատուհաս` կենդանանում են երեւակայության մեջ ու հասցնում խելագարության։ Ներկայացումը նախատեսված է թե ավագ, թե կրտսեր սերնդի հանդիսատեսի համար, հիմնական մեխն այն միտքն է, թե մենք ի՞նչ գաղափարներ ենք փոխանցում մեր երեխաներին եւ ի՞նչ արդյունք ենք ստանալու վաղը։
Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է, Սաքոյի դերակատարը` Արման Նավասարդյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Տաթեւ Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Անդրեասյանը։ «Արտավազդ 2020-2021» մրցանակաբաշխությանը «Լոռեցի Սաքոն» հաղթել է երկու անվանակարգում` «Լավագույն դերասան» եւ «Լավագույն ռեժիսուրա»։
Ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց բուռն ծափողջույններով:

Մշակութային քառօրյայի երրրորդ օրը լեցուն էր օպերային հնչյուններով: Կոմիտասի անվան մշակույթի պալատում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն էր` «Հայկական եւ համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան թատրոնի երաժշտախմբերը` գլխավոր դիրիժոր Հարություն Արզումանյանի եւ դիրիժոր Կարեն Լավչյանի ղեկավարությամբ։ Կատարվեցին օպերետներ` «Բայադեռա», «Կարինե», «Ուշ լինի, նուշ լինի», «Սիլվա», «Մեծագույն շոումեն», «Կատուններ», «Չիկագո» եւ այլ հայտնի ստեղծագործություններից։
Մշակութային քառօրյայի վերջին ակորդը տրվեց հոկտեմբերի 11-ին:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում բեմադրվեց «Սպիտակ արեւը» ներկայացումը` Հրանտ Մաթեւոսյանի եւ Սերո Խանզադյանի պատմածքների մոտիվներով։ Ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հասարակական ու մշակութային տարբեր ոլորտների հրավիրյալ անձինք:
Գրետա Մեջլումյանը, Արա Սարգսյանն ու Ժորա Գյուլումյանը վերհանեցին մեր օրերի դեպքերը, մարդկանց հույզերն ու հոգսերը՝ արվեստի լեզվով։ Ներկայացումը մտորելու, պարզ մարդկային շփումն ու հարաբերությունները վերանայելու առիթ տվեց։
Նախքան ներկայացման մեկնարկը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, քաղաքի 2706-ամյակի առթիվ, պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց Էջմիածնի զարգացման գործում ավանդ ու ներդրում ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Իր խոսքում մարզպետը շնորհավորեց քաղաքի տոնը, նշելով, որ Էջմիածինը մեծ ընտանիք է, որտեղ մեկտեղված են սերը, նվիրումն ու ջանքերը:
Այսպիսով, ամփոփում ենք մեր քաղաքի հիմնադրման 2706-րդ ամյակին նվիրված մշակութային քառօրյան: Էջմիածնի տոնի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումները փոխեցին են քաղաքի տրամադրությունն ու գույները, առօրյան հագեցրին բարձրարժեք ելեւէջներով։ Չորս հագեցած ու բազմաբանդակ օրերի ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմը փորձեց հավուր պատշաճի կազմակերպել եւ անցկացնել քաղաքի օրվան նիրված միջոցառումները, վստահ լինելով, որ գալիք ամյակները տոնելու ենք մեծ շուքով:

Տեսանյութ

Նորություններ