ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ

Էջմիածնի՝ Կոմիտասի անունը կրող հրապարակի արևմտյան մասում՝ կարմիր տուֆակերտ ցանկապատի ետևում, երևում է մի տուն, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Ի հավերժացումն բանաստեղծի հիշատակի՝ 1948 թ. փետրվարի 9-ին բանաստեղծի դստեր և թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով աշխատավորների դեպուտատների Էջմիածնի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն որոշեց այդ տունը վերածել Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի:
Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ, միայն արտաքուստ երեսպատված է հայկական տուֆաշերտով: Այն 1.5 հարկանի 215 քմ համեստ մի շինություն է՝ բաղկացած չորս մասնասենյակից, միջանցքից և խոհանոցից, ունի ընդարձակ պատշգամբ, նկուղներ, որտեղ պահվել են Արարատյան դաշտի բարիքները:
Այցելուն ավանդական դարպասից ներս է մտնում կանաչազարդ բակը: Քարակերտ փոքրիկ աստիճանները նրան տանում են պատշգամբ: Միջանցքի մուտքի աջ պատին, մարմարյա տախտակի վրա նա կարդում է բանաստեղծի հետևյալ տողերը.
Միայն այն կապրի, որ միշտ է անմահ,
Սուրբ գեղեցկություն և սուրբ գաղափար.
Վեհ միտքը ազատ, կենդանի կմնա,
Ու սերն անձնազոհ՝ խեղճ եղբոր համար…
1978 թ. թանգարանը մասնակի վերանորոգվել է, իսկ 2011 թ. լիովին հիմնանորոգվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Թանգարանի մուտքը անվճար է:
Թանգարանի սրահներում (աշխատասենյակ, ննջարան, սեղանատուն, հյուրասենյակ) ցուցադրվում և պահոցներում պահվում են մոտ 700 հիմնական նյութեր, որոնք ներկայացնում են Հովհ. Հովհաննիսյանի կյանքի ուղին, ուսումնառության, գրական, հասարակական և մանկավարժական գործունեության տարիները, նրա երկերի ստեղծման պատմությունը և այլն:
Թանգարանում ցուցադրվում են նաև երկերի հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, բանաստեղծի ինքնագրեր, նրան նվիրված ուսումնասիրություններ, գեղանկարչական աշխատանքներ և այլն:
Տանը կից պարտեզում բանաստեղծի կիսանդրին է (հեղ.՝ Ղ. Չուբարյան):

Քարտեզ