ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


 ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցու կառուցման ճշգրիտ թվականի մասին կա մի քարե արձանագրություն, որը, ըստ վկայության, Սիմեոն Կաթողիկոսն գրել է տվել Ավագ Սեղանի նորոգության ժամանակ և զետեղել է եկեղեցու ներսի պատերից մեկում: Եկեղեցին նախապես կառուցվել է փայտակերտ, որն անշուշտ չէր կարող երկար դիմանալ ժամանակի քայքայիչ ազդեցություններին: Ուստի, ըստ վերոհիշյալ վկայության, եկեղեցու փայտակերտ կառուցումից մեկ դար հետո այն փոխարինվել է քարակերտ կառույցի:
Եկեղեցին ունի բազիլիկ ձև, երկարավուն տանիքով, որն ընդունված է հայկական ճարտարապետության մեջ: Զանգակատուն չի ունեցել: Զանգերը ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ ղողանջել են հատուկ պատրաստված գմբեթաձև մի երկաթյա սարքից, որից կախված են եղել երկու զանգեր: Այն տեղադրված է եղել տանիքի վրա և եկեղեցու վերանորոգության ժամանակ հանվել:
Եկեղեցու արտաքին մասում, պատերի մեջ, տեղադրվել են մի քանի հայկական խաչքարեր` քանդակված նույն ժամանակաշրջանում:
Սբ. Աստվածածին եկեղեցին ունեցել է շատ հովիվներ, որոնք իրենց հոգևոր ծառայությունն են բերել հավատացյալ ժողովրդին: Նրանցից առավել հիշատակելի է 1947 թվականին Պարսկաստանից մայր հայրենիք ներգաղթած Տ. Քերովբե Ավագ Քահանա Շահբազյանը, որն իր ժամանակին մեծամեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ անձնական զրկանքներ կրելով, կարողացել է հասցնել մի արժանի հոգևոր սերունդ. այդ պատանիներից շատերը հետագայում դարձան ազնիվ և նվիրված հոգևոր սպասավորներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Սբ. Աստվածածին եկեղեցին իր ծաղկուն շրջանն ապրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա շնորհազարդ Հայրապետի գահակալության շրջանում: Հայոց Հայրապետը, որ մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի պատմական վանքերի և եկեղեցիների վերանորոգությանը, իր հայացքը սևեռեց նաև Էջմիածին քաղաքում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցու վրա: Եկեղեցում հիմնական վերանորոգությունը սկսվեց 1986 թվականին, երբ Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցու պատասխանատու և ապա` վանահայր նշանակվեց Տ. Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը, որը երջանկահիշատակ Տ. Քերովբե Ավագ Քահանայի սաներից էր:
Անցան տարիներ և եկեղեցին նորոգվեց թե դրսից և թե ներսից: Կառուցվեց մի նոր Ավագ Սեղան ֆելզիտ քարից` նախկին աղյուսե սեղանի փոխարեն: Մաքրվեցին ներսի պատերի բոլոր ծեփերը, և երևաց գեղեցիկ շարված քարը: Երեսպատվեցին 12 թաղերը, որոնք այնքան էլ լավ վիճակ չունեին: Փոխվեց սալահատակը, տեղադրվեցին գեղեցիկ բյուրեղապակյա երեք ջահեր և նոր սրբապատկերներ: Նորոգվեց մկրտության ավազանը, որի կենտրոնում զետեղվեց մի մարմարյա քանդակազարդ խաչ: Տուֆ քարով երեսպատվեցին երկու խորանները: Փոխվեցին եկեղեցու փայտյա երեք դռները և քանդակներով զարդարվեցին: Պատրաստվեցին նոր գեղեցիկ քանդակազարդ մոմակալներ և այլն:

Քարտեզ