ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ


ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայր Տաճարի թանգարանը գտնվում է տաճարի հարավ-արևելյան մասում: Այն կառուցել է 1869 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը` Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով: Շինությունը ձգվում է Մայր Տաճարի ավագ խորանի ողջ լայնությամբ` հարավային և արևելյան կողմերով: Մինչ թանգարանի կառուցումը ավանդական սրբազան մասունքները պահվել են բեմի հետևում գտնվող Մայր Տաճարի սրահներում և արևելյան պահոցներում: Դրանց դասավորվածությունը դժվարացնում էր այդ իրերի ցուցադրությունը: Իսկ թանգարանի կառուցումը հնարավորություն տվեց նմուշների ցուցադրության համար նոր պահարաններ ավելացնել և հարմար տեղ հատկացնել ավելի մեծ իրերի համար:
Այժմ թանգարանում պահվում են սրբազան մասունքներ և կրոնական արվեստի ուրույն նմուշներ: Թանգարանում կան բազմաթիվ մասնատուփեր: Ժամանակին արհեստավոր վարպետները նշխարները պահելու համար հատուկ մասնատուփեր պատրաստելու ավանդույթ ունեին: Մասնատուփերը երբեմն օգտագործվում էին եկեղեցում արդեն երկար ժամանակ պահված մասունքն ամփոփելու համար, իսկ ավելի հաճախ պատրաստվում էին, հետո միայն որոշվում էր, թե ինչ մասունք է պահվելու այնտեղ: Թանգարանում պահվող սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին և որը պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյյան Տապանի մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասնաց պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքներով (914-929թթ.), Աշոտ Երկաթի մասնատուփով խաչը, որի մեջ պահվում է Քրիստոսի խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի այլ արժեքավոր նմուշներ:
Ցուցադրվող նմուշները նաև Հայոց Սփյուռքի մասին են պատմում, քանի որ դրանցից շատերը ներկայացնում են այն տարածաշրջանները, որտեղից բերվել են: Մայր Աթոռին ընծայված նմուշներն այստեղ են հասել աշխարհի տարբեր թեմերից, հայկական համայքներից, ընտանիքներից ու անհատներից:
Բացի ցուցասրահներից, թանգարանի այցելուների առջև բացվում է մի շատ ուրույն տեսարան, որը գտնվում է Տաճարի ավագ խորանի տակ: 1958 թ. ավագ խորանի վերանորոգման նպատակով կատարված աշխատանքներին զուգընթաց, տեղի ունեցած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի հիմնած խորանի մնացորդները: Ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած պեղումների ժամանակ հայտնաբերվեց նաև հեթանոսական շրջանի կրակարան, որի վրա կառուցվել էր խորանը:
Բացի դրանից հայտնաբերվեց ևս մի խորան` սյունաձե հիմքով, բեմով և խորանի և հիմնաքարով, որը կառուցվել էր հինգերորդ դարում` Վահան Մամիկոնյանի կողմից:
Այս վայրը նաև վկայում է Տաճարի բազմաշերտ կառուցվածքի մասին և այցելուներին հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել Տաճարի շերտերը` իրենց գույնով ու կառուցվածքով:

Աղբյուրը՝ https://www.armenianchurch.org

Քարտեզ