ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԳԱՆՁԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԳԱՆՁԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Ալեք և Մարի Մանուկյանների Գանձատուն-թանգարանը բացվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ժամանակակից հայ ճարտարապետության մեջ Գանձատուն-թանգարանը վառ օրինակ է, որը պարունակում է հայ դասական ճարտարապետության նոր և յուրահատուկ գծեր: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկյանների: Այս գեղեցիկ և արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլև Գարեգին Ա կաթողիկոսի գրադարանը:
Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանի հայ վարպետների հմտության և բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաև գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:
Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ և փայտե փորագրություններ:
Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները և ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, և նուրբ սկիհի ասեղնագործ ծածկոցները:
Այստեղ է պահվում նաև Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:
Վերջերս բացվել է նաև առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները և հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:
2007 թ. հուլիսին Ալեք և Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջև: Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թ., իսկ Մարի Մանուկյանը` 1993 թ.: Նախքան Սուրբ Էջմիածին տեղափոխելը նրանց մարմինները ամփոփված են եղել Դեթրոիթում` Միչիգան (ԱՄՆ):
Մանուկյանները` որպես հայ ազգի և Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ և մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:

Աղբյուրը՝ https://www.armenianchurch.org

Քարտեզ